Վերադառնալ ԴիջիԹեք 2025

ՄԻԱԿ ՎԱՅՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՈՐՏԵՂ ԱՐԵՎԸ ԵՐԲԵՔ ՄԱՅՐ ՉԻ ՄՏՆՈՒՄ

Այս հրավերն անմիջապես կհետաքրքրի նրանց, ովքեր գիտեն՝ ինչ էր Բրիտանական Կայսրությունը և կյանքում գոնե մեկ անգամ եղել են Պեկինի Չանգան և Թայջիչան փողոցների խաչմերուկի վերնանցում-կամրջին Չինական նոր տարվա օրերին։

Այլոց էլ կհետաքրքրի, իհարկե։ Շարունակեք ընթերցել։

Մաս 1: Հյուսվածքը

Երկրային հաստատություններից երկուսն են միայն, որ մայրամուտ չունեն։

Առաջինը բրիտանացիների երբեմնի կայսրությունն էր, որ իրենով էր լցրել ժամային բոլոր գոտիները։

Երկրորդը՝ հայերի համաշխարհային տեխնոլոգիական հյուսվածքն է՝ նույնքան անեզր, բայց առանց արշավանքի ու ասպատակման, ուստի անեզր` ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ։

Գիտարվեստական ցանցը

Աշխարհում կրկնակի շատ հայ է ապրում քան Հայաստանում։ Սերունդներով մենք աչքի ենք ընկել գիտության և ձեռնարկատիրության մեջ՝ ոլորտների, որ տեխնոլոգիական հեղափոխության խառնարանում ձուլվել և մեկ են դարձել՝ վերածելով հայերին միասնական համաշխարհային տեխնոլոգիական ցանցի՝ խարսխված տաղանդի ու վստահության վրա։

Մեզանից որևէ մեկի հետ գործ բռնողը հասանալեիություն է ստանում բովանդակ հյուսվածքին, որ դռներ է բացում Սիլիկոնյան հովտից ու Եվրոպայից մինչև Հեռավոր Արևելք։

«Գուգլենք»

Րաֆֆի Քրիքորիան, Նինա Աչաջիան, Ալեքսիս Օհանյան, Հովհաննես Ավոյան, Վահե Թորոսսիան, Նաիրա Հովակիմյան, Դարոն Աճեմօղլու, Աննիտա Ներսես, Ռազմիգ Հովագիմիան, Նուբար Աֆեյան, Ռև Լեբարեդեան, Ռայմոնդ Դամադիան, Սուրեն Մարկոսիան, Լևոն Խաչիգիան, Ավի Թևանիան, Արդեմ Փաթափութիան, Վահե Կուզոյան, Արա Մահդեսսիան......

Եվ սա աշխարհում եղանակ ստեղծող տեխնոլոգիական հայերի շտեմարանից կամայականորեն վերցված փոքրիկ հատված է միայն։ Իրական արժեքը, սակայն, ոչ միայն մարդիկ են, այլ հարաբերությունների բնույթը նրանց միջև։

ՄԱՍ 2: Ամանոր

Մեկ միլիոն մարդ միաժամանակ տեսած կա՞ք։

Չինական նոր տարվա օրերին ամբողջ Պեկինը դատարկվում է։ Փողոցները՝ փակ։ Մարդանց բազմությունները ճամպրուկները ձեռքներին 60 մետր լայնությամբ պողոտաներով ուս ուսի քայլում են դեպի երկաթուղային կայարաններ։

Կապ չունի ով ես՝ ուսանող, բանվոր, տնօրեն, նախարար․․․ Chūn Jié-ին տուն չգնալ չես կարող։ Ու Պեկինի ահռելի պողոտաներն ամեն տարի փակում են մեքենաների համար, որպեսզի մարդիկ գոնե ոտքով կարողանան կայարան հասնել։

Չանգան և Թայջիչան պողոտաների խաչմերուկի հետիոտնային կամրջի վրայից նայելիս մարդկանց հոսքն անսահման է թվում։ Մարդեղեն գետ՝ հորիզոնից հորիզոն։ Մեկ միլիոն մարդ․ բառացիորեն։

Հայաստանն էլ Տունդարձի կարգ ունի։

Ինչպես հունվարն օրացուցային կամ ֆինանսական տարվա սկիզբն է, սեպտեմբերը՝ ուսումնական, այդպես էլ հոկտեմբերը Հայաստանի տեխնոլոգիական Ամանորն է։ Տեխնոլոգիան տարին Հայաստանում սկվում և ամփոփվում է ԴիջիԹեքով, որը տարին մեկ անգամ տուն է բերում տեխնոլոգիական հայերին ամբողջ աշխարհից։

ԴիջիԹեք գալը կամընտրական չէ։ ԴիջիԹեքը Տունդարձ է՝ Հայկական համաշխարհային տեխնոլոգիական հյուսվածքի վերամիավորման ծես։

Ում էլ փնտրեք՝ ներդրողների, գյուտարարների, ճարտարագետների, ձեռներեցների․․․ ԴիջիԹեքն է այն պահն ու վայրը, երբ և որտեղ տարին մեկ անգամ առանց բացառությունների կհանդիպեք նրանց։

Հետգրության փոխարեն

Հայերը հավատում են, որ Բաբելոնի դեմ ապստամբած և աշտարակը դեռ մինչև լեզուների խառնությունը լքած շինարարների ժառանգներն են։

Այդ պատումը՝ իրական, թե առասպելական, հստակորեն ընգծում է ազգային մեր ինքնագիտակցության առանցքը։ Մենք տեսնում ենք մեզ իբրև արհեստավարժ տոհմիկ ստեղծարարներ, գիտարվեստական ապստամբեր, որ չհանդուրժելով բռնակալությունն ու ուղղահայաց աստիճանակարգերը, սերնդեսերունդ արժեք ստեղծելով, հյուսում են հորիզոնական իրենց ցանցերը։

Հայերն աշխարհասփյուռ են, և այդ հանգամանքը հյուսվածքին հաղորդում է հիրավի մոլորակային ընգրկում, և, այո, հայկական տեխնոլոգիական ցանցը համաշխարհային այն հյուսվածքն է, որի վրա արևը բառի բուն իմաստով երբեք ու երբեք մայր չի մտնում։