• Նորություններ

Նորություններ

Բիզնես ինովացիոն ֆորումին ՀՀ կառավարության հետ մեկտեղ աջակցում են «Բեթ Կոնստրակտ» ընկերությունը, ՄԱԿ արդյունաբերական զարգացման ծրագիրը և «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնը


2014-10-30

Հոկտեմբերի 31-ին Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում մեկնարկում է ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը:

Ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի առաջատարների շարքում դիրքավորվելու համար Հայաստանն այսօր իրական հնարավորություններ ունի: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ոլորտի զարգացման իր հնգամյա ծրագրում ամրագրել է 2018թ-ին Հայաստանը դիրքավորել աշխարհի 20 ամենանորարարական երկրների շարքում: Ֆորումի շրջանակներում քննարկվելու են հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտներում նորարարությունների առումով կատարվելիք աշխատանքները։ Անդրադարձ կլինի ձեռներեցության, օրենսդրական, ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքներին:

Ֆորումի աշխատանքներին մասնակցելու և ողջույնի խոսքով հանդես է գալու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ֆորումին հրավիրված են ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի փորձագետներ, ինչպես՝ Իսրայելի առաջատար վենչուրային ընկերություններից մեկի՝ «Յոզմա Գրուպի» հիմնադիր ու կառավարիչ Յիգալ Էրլիխը, ՄԱԿ մշտական համակարգող և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, «ABBYY» ընկերության փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն ԱրամՓախչանյանը, Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի՝ «Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, Հայաստանի ինովացիոն ծառայությունների արտապատվիրման առաջատար ընկերության՝ Volo և VoloMobile-ի բիզնեսի զարգացման և կապերի տնօրեն Մեթ Բարթելսյանը և էլի բազմաթիվ հեղինակավոր խոսնակներ (ֆորումի հիմնական խոսնակների մասին լրացուցիչ տեղեկությունները հղումով):

Մենք ոգևորված ենք, որ Հայաստանի ինովացիոն զարգացման հեռանկարը ՀՀ կառավարության հետ մեկտեղ հետաքրքրում է միջազգային կազմակերպություններին, տեղական և արտասահմանյան ընկերություններին: Սա մեկ անգամ ևս հաստատում է Հայաստանի միջազգային հեղինակությունը նորարարական ոլորտում: Ուրախալի է, որ մնանատիպ միջոցառման կազմակերպման գործում ԻՏՁՄ-ն ունի բազմաթիվ հեղինակավոր գործընկերներ»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բեթ Կոնստրակտ ընկերությունը կարևորում է կայանալիք ֆորումը և պատրաստ է օժանդակել ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է մեր երկրում ՏՏ կատեգորիայի ուժեղացմանն ու աշխարհում Հայաստանը որպես ՏՏ կենտրոն դիրքավորմանը։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի ՏՏ բնագավառում աշխարհի ուժեղագույն երկրների կողքին հանդես գալու և, որ ՏՏ-ն կարող է դառնալ մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը»,-ասաց ընկերության փոխնախագահ Արմինե Մկրտչյանը:

Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Միջոցառման գլխավոր հովանավորը «Բեթ Կոնստրակտ» ընկերությունն է,  գործընկերներն են՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնը, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը, «Բեսթ Վեսթերն Փարադայզ Հոթել Դիլիջան» և «Էներգոկրեդիտ Արմենիա» ընկերությունները: