• Նորություններ

Նորություններ

Արդեն հայտնի են «Բաց Խաղ 2014 » համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները


2014-10-30

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման չորրորդ առաջնությունը: 

Այս տարի «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հենրիկ Հակոբյանի ներկայացրած «Choppy Fish» խաղը: Շուտով այն հասանելի կլինի շուկայում, իսկ մինչ այդ՝ այս անվանակարգի հատուկ մրցանակի շրջանակներում Հենրիկը կմասնակցի տեսախաղերի ոլորտում կազմակերպվող աշխարհի առաջատար Casual Connect համաժողովին, որն այս տարի կանցկացվի Բելգրադում, և կներկայացնի իր խաղը Indie Prize մրցույթ-ցուցադրությանը: «Choppy Fish» խաղը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն Game Play» անվանակարգում՝ արժանանալով 200,000 դրամ դրամական պարգևի:

Orange-ի կողմից սահմանված հատուկ մրցանակը հանձնվեց IpricoT թիմին՝ «Angry Virus Run» խաղի համար: Խաղի հեղինակ Հարություն Ամիրխանյանն այժմ կունենա Ֆրանսիայում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում 3 ամիս ժամկետով վարձատրվող վերապատրաստում անցնելու բացառիկ հնարավորություն:

«Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ժենյա Կարապետյանը` իր գունագեղ «Paint In» խաղով: Նշված անվանակարգի համար սահմանված մրցանակը կազմել է 200,000 դրամ: 

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց «Good Job» թիմին՝ «Lazy Monkeys» խաղի համար:

Արմեն Մովսիսյանի հեղինակած «Little Leo» խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D լուծում» անվանակարգում: Հեղինակն արժանացավ 250,000 դրամ դրամական պարգևի:

«Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգևը շնորհվեց Վազգեն Հովհաննիսյանին՝ «Rockin&Rollin» խաղի համար:

«Բաց Խաղ» առաջնության ցուցահանդեսի այցելուները նաև հնարավորություն ունեցան խրախուսելու մրցույթի մասնակիցներին՝ քվեարկելով իրենց նախընտրած խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթող ճանաչվեց AVAZ թիմն իր «Skydream» խաղով, որն իրենից ներկայացնում էր ինքնաթիռի թռիչքի սիմուլյատոր: Խաղի հեղինակներն արժանացան 50,000 դրամ դրամական պարգևի:

Մնացած անվանակարգերում հաղթողներ չընտրվեցին ժյուրիի կողմից, սակայն, առաջնության անցկացման պայմանների համաձայն՝ առավել հետաքրքիր լուծումների հեղինակներն արժանացան խրախուսական մրցանակների: Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակներ հանձնվեցին AVAZ թիմին՝ «Skydream» խաղով,  Conto թիմին` «White Light» (70,000 դրամ), Monopoly Time թիմին` «Monopoly Time» (70,000 դրամ), Գագիկ Խաչատրյանին` «Zdefendor» (60,000 դրամ) և «Շողեր» թիմի` «ScaryMazeBegins» (SMB) (30,000 դրամ) խաղերի համար:       

Այս տարի առաջնությունը նշանավորվեց մասնակիցների լայն աշխարհագրությամբ. առաջնության երևանաբնակ մասնակիցներին այս տարի նաև միացել էին մասնակիցներ Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերից՝ ներկայացնելու իրենց հեղինակած խաղերը, մասնակցելու մրցույթին, սովորելու նոր նախագծերի վրա աշխատելու, ինչպես նաև գործընկերների և պոտենցիալ ներդրողների հետ հաղորդակցվելու հմտություններ:

Հիշեցնենք, որ «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ Արմենիա ընկերության կողմից 2011թ.-ից ի վեր: Որպես գլխավոր հովանավոր՝ այս տարի նախաձեռնությանը միացել է նաև «SoftConstruct» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնեսի նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ և խրախուսել երիտասարդներին: