• Նորություններ

Նորություններ

Հոկտեմբերի 26-ին կանցկացվի «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի բաց առաջնության ցուցադրությունը


2014-10-24

Հոկտեմբերի 26-ին, ժ. 12:00- 17:00 Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությանը ներկայացված խաղերի հանրային ցուցադրությունը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը: Այդ օրը բոլոր ցանկացողներն ու հետաքրքրված անձինք հրավիրվում են տեսնելու, փորձելու և խաղալու հայ երիտասարդների ու պատանիների կողմից մշակված համակարգչային և բջջային խաղերը:
«Բաց Խաղ» առաջնությունն անցկացվում է 2011թ.-ից և նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ունենալ ոլորտում «Made in Armenia» բրենդ և զգալի դերակատարում ունենալ միջազգային շուկայում: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և վերջիններիս խրախուսելու շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

«Այս տարվա մրցույթում շեշտը դրել ենք պատանիների ոգեշնչմանը և խրախուսմանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես ներկայացված խաղերում տեսնում ենք որակական աճ: Խաղերի մի մասն արդեն իսկ հասանելի են շուկայում, մյուս մասը դեռևս զարգացման փուլում են»,- ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բաց Խաղ 2014» առաջնության խաղերի ցուցահանդեսին ներկայացված է 20 խաղ: Առաջնությանը միացել են մասնակիցներ ոչ միայն Երևանից այլ նաև Լոռիից, Արմավիրից և Արարատից: 

Մասնակիցները մրցելու են նախապես հայտարարված 8 անվանակարգերում` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ»,  «Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն 3D լուծում», «Պատանիների առաջնություն- Junior» և «Ժողովրդական մրցանակ»: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալու առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքներին, ինչպես նաև քվեարկել նախընտրած խաղի օգտին: Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդական մրցանակ»: Առաջնության «Լավագույն խաղը» նոյեմբերին կներկայացվի Casual Connect Բելգրադ համաժողովին և կմասնակցի նրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը: Առաջնության մրցանակային ֆոնդը 3.500.000 դրամ է:

«Բաց Խաղ» առաջնությունը հայկական խաղերի զարգացման ոլորտում արդեն հասցրել է դառնալ ավանդական և սպասվող իրադարձություն: Այս տարի առաջնության մասնակիցների համար ունենք հատուկ անակնկալ՝ նրանցից մեկը կստանա հնարավորություն վերապատրաստվել Ֆրանսիայում` Orange Խմբի`  հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում: Օrange-ի այս հատուկ մրցանակի հաղթողին որոշելու համար, Ֆրանսիայից է ժամանել Ալեքսանդր Մինոսը, ով Orange-ի մասնագետների հետ միասին կուսումնասիրի մասնակից խաղերը և կընտրի հաղթողին»,- նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Orange-ի մրցանակի շրջանակներում վերապատրաստումը վարձատրվելու է, բացի այդ Օրանժ Արմենիան կհոգա նաև ավիատոմսերի ծախսերը:

 «Բաց Խաղ» առաջնությունը արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և Օրանժ Արմենիա ընկերությունը: Այս տարի նախագծին է միացել նաև «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր: 

«ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունն առաջնության ողջ ընթացքում ուշի ուշով հետևում ու աջակցում էր «Բաց Խաղի» մասնակիցներին և ուրախ ենք արձանագրել, որ հայաստանյան խաղեր ստեղծողները նման հաջողություններ են արձանագրում: Հատկապես ուրախալի է, որ մրցույթին մասնակցում են մարզերի ներկայացուցիչները: Մենք գոհ ենք ԻՏՁՄ և Օրանժ Արմենիայի հետ համագործակցությունից և պատրաստ ենք շարունակել այն»,-ասաց «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հաճախորդների հետ հարաբերությունների սպասրկման ղեկավար Տաթևիկ Հակոբյան:

Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Օրանժ Արմենիա, Frismos, Plexonic, Triada, SoftConstruct, HitBits, Zoom Graphics ընկերություններից և  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից: