• Նորություններ

Նորություններ

«ԴԻՋԻԹԵՔԻ» ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ ՌՈԲՈՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ


2014-10-01

Հոկտեմբերի 3-5-ը տեղի ունենալիք «ԴիջիԹեք-2014» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում կանցկացվի «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները դպրոցներում ստեղծված ինժեներական խմբակների սաներն են։ 
 
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ, 2012-ից դպրոցներում հիմնում են ռոբոտաշինության խմբակներ՝ վերջիններիս տրամադրելով նաեւ հատուկ նախագծված ռոբոտ-կոնստրուկտորներ։ 
 
Ռոբոտ-կոնստրուկտորի ստեղծման եւ ընդհանրապես Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման եւ աջակցման ծրագրի կյանքի կոչման հարցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն օգնել են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»։
 
Նման խմբակներ արդեն իսկ բացվել են 60 դպրոցներում, այդ թվում՝ 50 մարզային։ Արդյունքները, ըստ Կարեն Վարդանյանի, ակնառու են. խմբակների մեկ երրորդն ուղղակի փայլուն արդյունքներ է ցույց տալիս, եւս մեկ երրորդի աշխատանքները մեր զրուցակիցը գնահատում է լավ։ 
 
«ԴիջիԹեքում» ներկայացվելու են այդ խմբակների աշխատանքի արդյունքները՝ ռոբոտներ, որոնք լուծում են մարդկանց զանազան խնդիրներ։ Այս տարի, ի թիվս այլ միջոցառումների, կանցկացվի նաեւ էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչության կամ թափոնների վերամշակման վրա հանրային ուշադրությունը սեւեռելն է։ Ցուցահանդեսում կցուցադրվեն նաեւ անօդաչու թռչող սարքերը։ 
 
ԻՏՁՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ ռոբոտների փառատոնը ցուցահանդեսի այցելուներին կօգնի նրանց երեխաների մասնագիտական կողմնորոշման առումով։ Կարեն Վարդանյանն ընդգծում է, որ ռոբոտաշինության խմբակները նպաստել են ռոբոտատեխնիկայով զբաղվող աշակերտների առաջադիմությանը, աշխարհը սկսում է հետաքրքիր դառնալ եւ ձգտում է առաջանում դեպի ուսումը։ 
 
«Արմռոբոտիքս» ծրագրի ղեկավոր ԱՆՆԱ ԲԱՐՈՅԱՆԻ տեղեկացմամբ «Ռոբոտներն առօրյայում» փառատոնի շրջանակներում լինելու են նաեւ գործնական աշխատանքներ, դասընթացներ, հենց տեղում երեխաները պատրաստելու եւ ներկայացնելու են ռոբոտներ։ 
 
Աննա Բարոյանը նկատում է, որ այս տարիների ընթացքում մեծացել է աշակերտների հետաքրքրությունը ռոբոտաշինության նկատմամբ, եւ տարեցտարի ավելանում է նրանց ներգրավվածությունը ռոբոտաշինության խմբակներում։ 
 
Ռոբոտաշինության մրցույթները կյանքի են կոչվում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նկատում է, որ այսօր պատանիներին ու երիտասարդներին պետք է հետաքրքրել նորարարություններով, որպեսզի ընթանան ճիշտ ճանապարհով. «Կան տարբեր ուղիներ, եւ կարծում եմ՝ ռոբոտաշինությունը կարեւոր ուղղություն է, որը պահանջում է կենտրոնացում, արդի տեխնոլոգիաների կիրառում։ Ծրագիրը, ճիշտ է, նոր է, սակայն նպատակները հեռահար են։ Համոզված եմ, որ առաջիկայում մեր երկրի անունն ավելի հնչեղ կլինի ռոբոտաշինության աշխարհում. այդպիսով ավելի ճանաչելի կդարձնենք Հայաստանի անունը, մեր երկրի բրենդը»։ 
 
Ռալֆ Յիրիկյանն ընդգծում է, որ այս ծրագիրն ունի ձգողական ուժ եւ երեխաների մոտ բացահայտում է ինժեներական կարողությունները՝ զարգացնելով այդ հմտությունները։ Հետագայում այդ զարգացումը դպրոցներից կտեղափոխվի բուհեր ու տնտեսություն։ Ռոբոտաշինությունը ոլորտ է, որը մեզ ներկայացնում է ապագայի դեռ չբացահայտված, գերարդիական տեխնոլոգիաների հնարավորությունները։ 
 
Տեղեկացնենք, որ «ԴիջիԹեք» ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, գլխավոր հովանավորը՝ «Յուքոմ» ընկերությունը։ Ցուցահանդեսն անցկացվում է վարչապետի հովանու ներքո։