«Բաց Խաղ» 2013


«Բաց Խաղ» 2013 առաջնությունը կազմակերպել էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն էր զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնեսի նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին: 
Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված էին խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo  կազմակերպություններից:  

«Լավագույն խաղ»  ճանաչվեց Հենրիկ Հակոբյանի «FastFood» խաղը՝ նախատեսված Android OS, Windows, Linux համակարգերի համար: Լավագույն խաղի հեղինակը որպես դրամական պարգև ստացավ 350.000 դրամ: Նույն խաղն արժանացավ նաև «Լավագույն դիզայն» անվանակարգին՝ արժանանալով 200.000 դրամ մրցանակի:
 «Լավագույն բջջային խաղ» անվանակարգում մրցանակը կիսեցին Nako games թիմն իր «Princess Cakes» խաղով և Apollosoft թիմը «Shelly» խաղով: Վերջիններից յուրաքանչուրը որպես դրամական պարգև  ստացավ 150.000 դրամ: «Shelly» խաղը ստեղծվել է Windows Phone 7.5 և Windows 8-ի համար: Այն Shelly ձկնիկի մասին է, ով ճանապարհին հանդիպելով տարբեր խոչընդոտների և թշնամիների, լողում է անծայրածիր օվկիանոսով՝ հավաքելով բոնուսներ: «Princess Cakes»-ը հետաքրքիր ժամանցային մոբայլ խաղ է, որը հնարավորություն է տալիս ծննդյան, հարսանյաց և այլ տոների առիթով շնորհավորական ուղերձներով տորթեր ուղարկելու: Խաղի մեջ կարելի է հանդիպել գեղեցիկ արքայադստերը, ով օգնում է ձևավորել համեղ տորթեր, պահպանել նկարը հեռախոսի մեջ և ուղարկել ընկերներին կամ բարեկամներին:
«Լավագույն Game Play» անվանակարգում հաղթեց Վահրամ Դարյանը «Կոալա արջուկներ» խաղով, ում մրցանակը կազմում է 200.000 դրամ: «Կոալա արջուկներ»-ը 2D խաղ է հայերեն լեզվով: Խաղի դեպքերը կատարվում են 2100 թվականին մի գաղտնի լաբորատորիայում: Կոալաներին հաջողվում է փախչել իրենց վանդակներից և, իրար հետ համախմբվելով, տարբեր փորձություններ հաղթահարելով, դուրս գալ լաբորատորիայից և փրկվել: 
«Լավագույն 3D լուծում» անվանակարգում հաղթեց Dix Games թիմը «The curse of evil» խաղով և արժանացավ 200.000 դրամ մրցանակի: Խաղը պատմում է հետևյալի մասին. Բադերոնը խախտում է Աարան աշխարհի խաղաղությունը և տանում այն դեպի կործանում: Բադերոնի չար ուժերի դեմ կարող է պայքարել միայն Ռադխայի կլանը, ում փոխանցվել են մոգական ուժեր, նրանք փակում են Բադերոնին Թարխա տաճարի ընդերքում: Հազարամյակներ հետո Բադերոնի չար ուժերը դուրս են գալիս տաճարից: Եվ միայն մի երիտասարդ, ում փոխանցվել են մոգական ուժերը, կարող է մեկընդմիշտ վերջ տալ այդ քաոսին՝ անցնելով 7 աշխարհները և բազում ծանր փորձություններ:
«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում մրցանակ շնորհվեց  Տիգրան Նիկսալյանին «My Heart`s Journey»
 խաղի համար: Վերջինս ստացավ դրամական մրցանակ 200.000 դրամի չափով: Խաղը կոտրված սրտի մասին պատմություն է, որը փնտրում է իր իրական սիրուն, բայց չի կարողանում գտնել: 
«Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում մրցանակը տրվեց Ալեն Աֆրիկյանին «Coca game» խաղի համար: Նա ստացավ 150.000 դրամ մրցանակ: Այն արկածային ժանրի խաղ է, որում կոկա-կոլայի խցանը, գործարանում գտնվող փորձությունները հաղթահարելով, հասնում է շշին:
Նշված մրցանակներից բացի ժյուրիի որոշմամբ տրվեցին նաև խրախուսական մրցանակներ Սուրեն Անտոնյանի  «Mission Incomplete», Վարդան Համբարձումյանի «Black Edition» և Էդուարդ Ալեքսանյանի «Eggs Boom» խաղերին: Յուրաքանչյուրն արժանացավ 50.000-ական դրամ մրցանակի:
Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Nako games թիմն իր «Princess Cakes» խաղով: